Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2016 11:18
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները

Կարեն Կարապետյանը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները

Արմինֆո. Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝  նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում:

 

2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրի շրջանառության դինամիկան հասել է դրական 11,6%` նախորդ տարվա  բացասական 12,5%-ից` կազմելով 803.6 մլն դոլար: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ միայն այդ ցուցանիշի, այլև արտահանման և ներմուծման  գծով, համապատասխանաբար 223.3 մլն դոլար և 580.3 մլն դոլար, առաջինի տարեկան դինամիկայի կտրուկ բարելավմամբ` 30% անկումից մինչև 62,1% աճ և երկրորդի անկման դանդաղմամբ`  7,7%-ից մինչև  0,4%: