Արմինֆո. 2016թ. նոյեմբերի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի և ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, երկու կողմերը խորապես կարևորել են հայ-գերմանական բազմամյա արգասաբեր համագործակցությունը՝ շեշտելով ֆինանսատնտեսական և տեխնիկական հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում համագործակցությունը: Կողմերն իրենց մեծ ակնկալիքներ են հայտնել ս.թ. նոյեմբերի 21-ից 22-ը ք. Երևանում կայանալիք նշյալ հանձնաժողովի նիստի առնչությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով՝ հաշվի առնելով այն կարևորագույն հանգամանքը, որ նշյալ կազմակերպությունների հետ տեխնիկական համագործակցության (հանրային ֆինանսերի կառավարման և այլ ոլորտներ) և ֆինանսական համագործակցության (ենթակառուցվածքների ֆինանսավորմանն ուղղված ոլորտներ) հարթակներում իրականանում են տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:
ԵՄ երկրների հետ առևտրի ծավալն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ $872,7 մլն (մասնաբաժինը՝ 24,3% և աճը 2,2%), իսկ այլ երկրների հետ առևտուրը՝ $1 654 մլն (մասնաբաժինը 46,1% և աճը 5,9%): Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի և Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է $231 մլն, տարեկան անկումը՝ 4,7%: Արտահանումը կազմել է $97,1 մլն՝ 5,4% անկումով, իսկ ներմուծումը՝ $133,6 մլն, անկումը 4,1%:
![]() | 5.53 | -0.06 |
![]() | 395.90 | 0.02 |
![]() | 425.39 | 1.28 |
![]() | 478.76 | 3.90 |
![]() | 295.98 | 0.99 |
![]() | 30.27 | 0.27 |
![]() | 58.43 | 0.18 |
![]() | 430.65 | 3.23 |