Արմինֆո. Հայաստանը կարող է առաջարկել բազմազան զբոսաշրջային ուղղություններ և որակյալ ծառայություններ: Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:
Նրա ասելով, զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության լոկոմոտիվներից մեկը: Զ.Զեյթունցյանի համոզմամբ, երկու երկրները կարող են առաջարկել ծառայությունների լայն սպեկտր, ինչպես նաև ավանդ ներդնել տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման գործում: «Դա այն ոլորտն է, որում համագործակցությունն իրոք տևական կլինի», - ընդգծել է Զեյթունցյանը:
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն իր հերթին նշել է, որ Ծաղկաձորը կարող է դառնալ լուրջ լեռնադահուկային հանգստավայր, իսկ Սևանը` մանկական զբոսաշրջության զարգացման վայր: Նրա ասելով, Հայաստանում կրոնամշակութային հուշարձանների թիվը հնարավորություն է տալիս զարգացնելու կրոնական զբոսաշրջության ուղղությունը:
Նշենք, որ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի տվյալներով, 2016 թվականի առաջին կիսամյակում արտագնա զբոսաշրջության ոլորտի աճը Հայաստանում կազմել է 2,5%, ներքին զբոսաշրջությանը` 20,8%: Առաջին կիսամյակուն արդեն Հայաստան է այցելել ավելի քան 501 հազար զբոսաշրջիկ, ինչը 2,4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նախորդ տարվա համեմատ աճել է նաև արտգագնա զբոսաշրջության ցուցանիշը: Առաջին վեց ամվա ընթացքում արտասահման է մեկնել Հայաստանի շուրջ 470 հազար բնակիչ, ինչը 1,2%-ով ավելի է նախորդ տարվա համանման ցուցանիշից: 2015 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 200 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ:
ՀՀ կառավարությունը մտադիր է 5 տարում իրականացնել ծրագրեր, ուղղված զբոսաշրջիկների թվի 3 անգամ ավելացմանը: Ըստ ներկայացված ծրագրի, հաշվի առնելով ներկայիս միտումները, նախատեսվում է առկա զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա: Ինչպես նաև իրականացնել Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը:
Կառավարությունը մտադիր է վեց ամսվա ընթացքում կատարել`զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում, 60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ, առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում, «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում: 2017 թվականին կառավարությունը մատդիր է կատարել՝ զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին աջակցություն և զարգացման ծրագրի մշակում՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը, առանց արտոնագիր մուտք գործելու հնարավորության ունեցող քաղաքացիների երկրների և սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն ունեցող քաղաքացիների երկրների ցանկի ընդլայնում, առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագրի մշակում: