Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստում կոչ է արել իրավաբանական անձանց լիցենզիաները տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով:
Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այդ առնչությամբ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարական է տվել էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ:
«Տնտեսվարող սուբյեկտների և պետական մարմինների շփումը կրճատելու նպատակով, իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հանձնարարականի ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով՝ հանձնարարում եմ 3 շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջարկում եմ բացառություն սահմանել միայն Պաշտպանության նախարարության և Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար՝ հաշվի առնելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»,-ասել է Կարեն Կարապետյանը: