Արմինֆո. Դեկտեմբերի 13-14-ը Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական՝ հինգերորդ փուլը, բայց արդեն փոխհամաձայնություն է ձեռք բերվել առևտրին և ներդրումներին վերաբերող ուղղությունների մեծ մասի շուրջ: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Փոխնախարարի խոսքով, ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Երևանի և Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով և բավականին դինամիկ ընթացք ունեն: Ինչպես նշել է Մելքոնյանը, արդեն հսկայական աշխատանք է կատարվել և համաձայնեցվել է առեւտրի ու ներդրումների մասին 12-13 ուղղություններից կեսից ավելին: Սպասվում են բանակցություններ տեխնիկական շտկումներ և օրենսդրական փոփոխություններ պահանջող հարցերի շուրջ՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության միջոցների, սուբսիդիաների տրամադրման, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության և տնտեսական մրցակցության մասին:
Բանակցային խմբի հերթական հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի 13-14-ը Բրյուսելում: Եվ, ինչպես հայտարարել է Մելքոնյանը, ըստ էության, կմնան հարցեր, որոնք կարելի համաձայնեցնել հաջորդ տարվա փետրվարին: Բոլոր հարցերը, ինչպես նշել է փոխնախարարը, լուծվում են՝ հաշվի առնելով տեղական օրենսդրության պահանջները և երրորդ երկրների նկատմամբ Հայաստանի պարտավորությունները:
Միաժամանակ փոխնախարարը հերթական անգամ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի կնքման նույնիսկ մոտավոր ժամկետներ չի նշել՝ այն պարզ պատճառով, որ գլխավորը, ինչպես ինքն է նշել, քննարկվող համաձայնագրի էությունն է: «Անձամբ ես միշտ շեշտը դնում եմ համաձայնագրի էության վրա՝ հատկապես այն կետերի, որոնք բավական «զգայուն» են Հայաստանի և տեղական բիզնեսի համար, որպեսզի դրանք պատշաճ կերպով ձևակերպված լինեն»,- հայտարարել է Մելքոնյանը: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է նա, շատ քիչ բան է մնացել՝ արդեն արվածի համեմատ:
Ինչպես հոկտեմբերի 24-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, քաղաքական մասով բանակցությունները որոշ չափով կայացել են, և տվյալ դեպքում ուշադրությունը կենտրոնացած է առևտրաներդրումային կողմի վրա:
2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թ. դեկտեմբերի 7-ին։