Արմինֆո. «ՀԿԵ» ՓԲԸ-ն կշարունակի Հայաստանում սոցիալական նախագծերի իրականացումը: Այդ մասին դեկտեմբերի 12-ին Երևանում «Ռուսաստանի գործունեությունը միջազգային զարգացմանն աջակցման ոլորտում» սեմինարի ժամանակ ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Նա հիշեցրել է, որ 2011 թվականից ՀԿԵ-ն 275,5 մլն դրամ է ուղղել սոցիալական աջակցության ոլորտին: «Մեր ընկերությունը զբաղվում է ոչ միայն տնտեսական, այլ նաև հումանիտար նախագծերով, մասնավորապես՝ քաղաքացիների սոցիալական աջակցություն և պաշտպանություն, գիտության և մշակույթի զարգացմանն աջակցություն: Այսպես՝ ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ընկերության ադմինիստրացիան, արհմիությունները և մասնավոր անձինք ընդհանուր առմամբ 18 մլն դրամ են փոխանցել՝ տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Մենք աջակցում ենք Ֆիոլետովո գյուղում դպրոցի վերանորոգմանը, հաջորդ տարի նախատեսվում է վերանորոգել գրադարանը: Արդեն 4 տարի մեր վետերանների համար տների վերանորոգման ծրագիր ենք իրականացնում, իսկ հաջորդ տարի այդ նպատակով նախատեսվում է 5 մլն դրամ հատկացնել: Անցած տարի Ամանորի կապակցությամբ ներկայացում ենք կազմակերպել մանկատների երեխաների համար, և այդ նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի»,- նշել է Վալկոն: Ըստ որում, նա ավելացրել է, որ ՀԿԵ-ն միշտ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում աջակցել այս կամ այն հարցում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենն ընդգծել է նաև, որ «Հերմես» ակումբը, որում ընդգրկված են Հայաստանում ներկայացված 35 ռուսական ընկերությունների ղեկավարները, նույնպես մասնակցում է հանրապետությունում սոցիալական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Սիրիայից փախաստականների աջակցությանը, մանկատների վերանորոգմանը և այլ նախագծերի: Վալկոն համոզմունք է հայտնել, որ ռուսական բիզնեսը կշարունակի մասնակցել նման նախաձեռնություններին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: