Արմինֆո. 2016թ. դեկտեմբերի 17-ից 2017թ. հունվարի 8-ը մաքսային ծառայությունը կաշխատի արտահերթ ռեժիմով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտմեբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ն սահմանվել է հերթապահություն:
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ԱՏԳ մասնակիցներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին, իսկ պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են տեղեկատվական վահանակներում:
ՊԵԿ նախագահի հրամանով առաջին տեղակալը, նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների ղեկավարները հերթապահության օրերին պարբերաբար համատեղ շրջայցեր կկատարեն՝ հետևելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը:
Նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների, սահմանային մաքսային մարմինների կողմից տոնական և նախատոնական օրերին կիրականացվի ուժեղացված հսկողություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարել էր տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը: Շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմել էր նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին: Կարեն Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և/կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: