Արմինֆո. 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում ուժի մեջ կմտնի դեղատոմսերի տրամադրման կամ դուրսգրման նոր կարգը: Այս մասին դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նա նշել է, որ դեկտեմբերի 15-ին ուժի մեջ մտավ «Դեղերի մասին» նոր օրենքը, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն ապահովում է երեք սկզբունք` որակ, անվտանգություն և արդյունավետություն: Նա նաև նշել է, որ նախատեսվում են մշակել և հաստատել ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կկարգավորվեն օրենքով ամրագրված դրույթները: Միաժամանակ, Սերգեյ Խաչատրյանը հավաստիացրել է, որ օրենքը միտված է քաղաքացու շահերի պաշտպանությանը և, որ ոչ բոլոր դեղերն են ձեռք բերվելու դեղատոմսով:
Նա նաև ընդգծել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4.5 հազար տեսակի դեղամիջոցների 50%-ը բաց կթողնվի առանց դեղատոմսի: Փոխնախարարը նշել է, որ դեղամիջոցների շրջանառության շղթայում ամենախոցելի օղակը հանդիսանում է գնորդը, հետևաբար, նախարարությունը կանի ամեն ինչ, որպեսզի նա պաշտպանված լինի անորակ դեղամիջոցներից: «Նոր օրենքով մենք փորձում ենք կանխարգելել ինքնուրույն բուժումը, ինչպես նաև հնարավորին չափով բարձրացնել դեղատնային ծառայությունների մակարդակը»,ճեզրափակել է նա:
Նշենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքով հակաբիոտիկները, հոգեմետ դեղերը և այն մնան դեղամիջոցները բաց կթողնվեն միայն դեղատոմսով: Օրենքով մեծ տուգանքներ են սահմանված նաև Հայաստանում չգրանցված դեղամիջոցներ վաճառելու համար: Օրենքը կթեթևացնի նաև նոր դեղամիջոցների գրանցման ընթացակարգը: Բացի այդ, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը դառնում է որոշ միջազգային կազմակերպությունների անդամ, ինչը ենթադրում է պայմանագրերի կնքում մյուս անդամ-երկրների հետ, որոնցում գրանցված դեղամիջոցները Հայաստանում նույնպես կհամարվեն գրանցված: