Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար արտահանման ներուժ ունեն գյուղատնտեսական և գինու-կոնյակի արտադրանքը, թեթև և քիմիական արդյունաբերությունը, գունավոր մետաղների խորը վերամշակումը: Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացների հետազոտման խմբի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը` ակումբի «Հայաստանը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում. փորձ, նվաճումներ , հեռանկարներ» թեմային նվիրված նիստում:
Նրա ասելով, չափազանց կարևոր է սեփական տեղը գտնել նաև պաշտպանական արտադրանքի արտադրության, նանոտեխնոլոգիաների, մեքենաշինության, հաստոցաշինության ոլորտներում: «Անհրաժեշտ է նաև հստակ պատկերացնել և գնահատել Մետաքսի ճանապահի կառուցմանը ԵԱՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի, ներգրավման հնարավորություններն ու արդյունավետությունը: Հայաստանը, որպես Արևմուտքից դեպի Արևելք ճանապարհների խաչմերուկ, ունի բավականին բարձր կրթական մակարդակ, նախաձեռնող աշխատուժ, սերտիֆիկատների ստացման և բիզնեսի գրանցման պարզեցված ընթացակարգ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած ենթակակառույց: Հայաստանում դիտվում է ենթակառույցների արագ զարգացում, մասնավորապես` ճանապարհային և տրանսպորտային: Չինաստանի հետ բարեկամական դիվանագիտական հարաբերությունները, ԵՄ, Իրանի և Վրաստանի հետ դրական դիվանագիտական հարաբերությունները, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և Վրաստանում մեծաթիվ համայնքների առկայությունն էապես մեծացնում է ԵԱՏՄ հետ պայմանագրի հնարավորությունները` Հայաստանի տնտեսության արդիականացման և այդ երկրների հետ արտադրական համագործակցության նպատակով», - ընդգծել է փորձագետը, ընդսմին նշելով, որ Հայաստանի տնտեսությունում ներդրումների կառուցվածքում Չինաստանն առայժմ առաջատար դիրք չի զբաղեցնում` չնայած վիթխարի ներուժին: