Արմինֆո. 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում կնվազեն: Այդ մասին որոշում է կայացվել դեկտեմբերի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Ներկայացնելով որոշման նախագիծը` հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ վերջնական սպառողների համար սակագինը կնվազի 1 կՎտ/ժ դիմաց 1,22 դրամով, իսկ բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար` 6,2 դրամով: Նրա ասելով, ջերմակայանների համար գազի սակագնի վերանայման մասին լիցենզավորված անձի («Գազպրոմ-Արմենիա») հայտն ստանալուց հետո, ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա, կարգավորողը սեփական նախաձեռնությամբ սկսել էր էլեկտրաէներգետիկ համարգի ընկերությունների կողմից տրամադրվող ծառայությունների սակագների վերանայման գործընթաց, որոնք իրականացնում են էլեկտարէներգիայի արտադրություն և համապատասխան ծառայություններ են տրամադրում վերջնական սպառողին:
Այդպիսով, 2017 թվականի փետրվարի 1-ից 110 կՎ լարմամբ ենթակայաններից էլեկտրաէներգիա ստացող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 1 Կվտ/ժամի դիմաց 33.48դրամ` գործող 34.7 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը հավասար կլինի 29.48 դրամի` գործող 30.7 դրամի փոխարեն:
35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ/կՎտժ (գործող 37.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագինը` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 41.98 դրամ/կՎտժ (գործող 43.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,. գիշերային սակագինը` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ կետով սահմանված սպառողների, ցերեկային սակագինը կկազմի 44.98 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագինը` 34.98 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 40.0 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագինը` 30.0 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, 2016 թվականի հունիսի 24-ին ՀԾԿՀ որոշում էր կայացրել վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները 2,58 դրամ կամ 5,9%-ով նվազեցնելու մասին: 2016 թվականի օգոստոսի 1-ից ցերեկային սակագինը սահմանվել էր 1 կՎտժ դիմաց 46,20 դրամ` նախկին 48,78 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը սահմանվել էր 36,20 դրամ` նախկին 38,78 դրամի փոխարեն: