Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017 18:10
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

ՀՀ կառավարությունում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:  

Կարևորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու և աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը: 

Առաջարկվել է նաև Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝  գործարարների համար բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր և արդյունավետ կազմմանը:

Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաև մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները: