Արմինֆո. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությունը Հայաստանի արտաքին պարտքի ավելացման հաշվին իրականացնելը լավագույն տարբերակը չէ: Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի, նախագիծը պետք է հասցնել ավարտին: Ինչպես ընդգծել է վարչապետը, այն պետք է իրականացնել ոչ թե արտաքին պարտքի մեծացման հաշվին, այլ պետության և մասնավոր հատվածի միջև բանակցությունների միջոցով:
Հայաստանի հիմնական ֆինանսական փաստաթուղթը նախատեսում է ավելի քան 10 մլրդ. դրամի բյուջետային հատկացումների կրճատում: Ինչպես ՀՀ խորհրդարանում պարզաբանել է ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության նախագծում կիրականացվեն ժամակացույցի որոշակի ճշգրտումներ: Հակառակ պարագայում մենք կարող ենք մեծացնել պարտքի բեռը բյուջեյի կատարման առումով, նշել է նա:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին:
Մայրուղու հյուսիսային հատվածում, Տրանշ-2-ի շրջանակներում, մեկնարկել են բետոնավորման աշխատանքները, իսկ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում նախատեսվում է 10 կմ ճանապարհի շինարարություն: Թալին-Գյումրի հատվածում կատարվել են հողային և ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ, հարավային հատվածի շինարարության համար հայտարարվել է մրցույթ: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: