Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: «Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնից, անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը: Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները 2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն,իսկ 2015 թվականի մթերումների դիմաց պարտքը կազմում է 105.6 մլն դրամ: Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց համաձայն կիրականացվեն մարումները: Միևնույն ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման, պատրաստի արտադրանքի իրացման և այլ խնդիրների:
Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն պատկան մարմինների հետ՝ հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով:
RUB | 4.25 | -0.01 |
USD | 387.19 | -0.04 |
EUR | 430.63 | 1.11 |
GBP | 510.82 | 2.50 |
CAD | 285.20 | 0.07 |
JPY | 27.63 | 0.10 |
CNY | 54.56 | -0.02 |
CHF | 458.38 | 1.79 |