Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է իռալնդացի գործարար Մայքլ Բյուրքի հետ, ով Հայաստանում գործունեություն է ծավալում դեղագործական ոլորտում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Սուրեն Կարայանը գործարարին է ներկայացրել այս ոլորտում հաջողություն գրանցելու հնարավորությունները և հեռանկարները: Նախարարի խոսքով` ոլորտի զարգացման և արտահանման խթանման համար էական նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկան, որը դյուրացրել է դեղերի գրանցման գործընթացը:
Մայքլ Բյուրքը նշել է, որ հետաքրքրված է իրականացելու աշխատանքներ Հայաստանում դեղերի փաթեթավորման ձեռնարկության հիմնման ուղղությամբ:
Նախարար Սուրեն Կարայանը հայտնել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել գործարարին իր աջակցության գործիքակազմով և Հայաստանի զարգացման հիմնադրամում գործող «մեկ պատուհանի» շրջանակներում: Իռլանդացի գործարարի առաջարկով համագործակցություն կհաստատվի Ireland Enterprise և Իռլանդիայի զարգացման գործակալությունների հետ, որոնք կառավարության և ներդրողների ու գործարարների հետ փոխգործակցության հաջողված փորձ ունեն:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դեղագործական արտադրանքի ծավալը կազմել է 7,1 մլրդ դրամ` 2,2% տարեկան աճով: Մշակման արդյունաբերության կառուցվածքում դեղագործության ճյուղին բաժին է ընկնում 1%-ից էլ պակաս:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

