Արմինֆո. Ռուսաստանյան բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը (Աէրոֆլոտի դուրստրը) գոհ է Շիրակ օդանավակայանից իրականացվող թռիչքներից և տվյալ փուլում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ քննարկում է թռիչքների հաճախականության ավելացման հարցը: Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է ՔԱԳՎ ղեկավար Սերգեյ Ավետիսյանը կառավարության նիստից հետո:
Ըստ Ավետիսյանի, Պոբեդայի հաջողությունների մասին է ասում այն , որ ընկերությունն ապահովում է օդանավերի գրեթե 100% բեռնվածություն: Ելնելով դրանից, Պոբեդան նախատեսում է ավելացնել թռիչքների հաճախականությունը Գյումրիից:
Միևնույն ժամանակ, Սերգեյ Ավետիսյանն այստեղ չի տեսնում դեմպինգի տարրեր, մասնավորապես, «Արմենիա» տեղական ավիաընկերության նկատմամբ: «Այստեղ չկան դեմպինգի տարրեր: Կա կոշտ մրցակցային դաշտ և բավական կոշտ պայմաններով փոխհամագործակցություն»,-հայտարարել է նա: Ինչ վերաբերվում է «Զվարթնոց» օդանավակայանի սակագներին, ինչից հաճախ բողոքում էին մոռացության մատնված հայ ավիափոխադրողները, և ինչից բողոքում է «Արմենիա» ավիաընկերությունը, ապա ըստ Ավետիսյանի, տարածաշրջանային մակարդակով դրանք լիովին մրցունակ են, իսկ որոշ ուղղություններով անգամ ավելի ցածր են, քան Վրաստանում:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը («Աերոֆլոտ» խմբի անդամ) 2016 թվականի նոյեմբերի 16-ին սկսեց Մոսկվայից Գյումրի թռիչքների տոմսերի վաճառքը, իսկ թռիչքների իրականացումն սկսվեց դեկտեմբերի 15-ից, երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: Մինչև ձմեռային չվացուցակի ավարտն արդեն առաջարկվել է ավելի քան 10 հազար տոմս, 999 ռուբլի արժեքով, ներառյալ բոլոր տուրքերն ու վճարները: Իսկ Fly&Bus ծառայության շրջանակներում ուղևորներին առաջարկվում են հարմարավետ ավտոբուսներ դեպի Երևան:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 1-ից «Արմավիա» ընկերոթյունը դադարեցրեց թռիչքները և սկսեց սնանկոթւյան գործընթացը: 2014-ին նույն ճակատագրին արժանացավ նաև «Էյր Արմենիա» ընկերությունը: 2013-ին ՀՀ կառավարոթյունը հաստատեց «բաց երկնքի» քաղաքականությունը, որից հետո սկսվեց օտարերկրյա ավիաընկերությունների համատարած հեռացումը Հայաստանի շուկայից և շուկայի մոնոպոլիզացիան ռուսական ավիաընկերությունների կողմից: Արդյունքում, ավիատոմսերի բարձր գների պատճառով հայ ուղևորներն սկսեցին օգտվել Վրաստանի ավիացիոն ծառայություններից, որտեղ հաջողությամբ են գործում եվրոպական մի շարք լոուքոստերներ: