Արմինֆո. Տվյալ փուլում երկրում տնտեսական քաղաքականության իրագործման համար պատասխանատու տարբեր պետական գերատեսչություններ «տնային առաջադրանք» են կատարում երկրի հարկային օրենսդրության վերանայման հնարավոր ուղղություների վերաբերյալ: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 29-ի արտահերթ նիստում ԱԺ պատգամավորներն ընդունել էին նոր Հարկային օրենսգրքի նախագիծը: Այն դարձել էր գործարար հանրության բուռն քննարկումների և դժգոհության առարկա, որն այդ փաստաթուղթը համարել էր հետընթաց և տնտեսության զարգացման նպատակներին ոչ մի կերպ չնպաստող: Օրենսգրքի ընդունումը Հայաստանի կառավարությանը ներկայացված նախապայման էր` ԱՄՀ հերթական կայունացման տրանշի տրամադրման համար: Նոր կառավարությունը չխառնեց ԱՄՀ ժամկետները, սակայն հայտարարեց, որ ՀՕ կվերանայվի և նորից կսրբագրվի:
Վարդան Արամյանը համաձայն չէ այն կարծիքին, որ երկրի Հարկային օրենսգիրքն ընդունվել է արագացված ռեժիմով: «Փաստաթուղթն ընդունվել է եռամյա քննարկումների արդյունքում: Այլ բան է, որ օրենքի որոշ դրույթներ գոհացրել են բնավ ոչ բոլորին», - հայտարարել է Արամյանը: Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ հետագայում, եթե Հայաստանն ընդունի տնտեսական քաղաքականության հիմնական վեկտորը փոխելու որոշում, կարող է առաջանալ նաև Հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ վերանայելու անհրաժեշտություն:
Այսօրվա դրությամբ նախարարը ձեռնպահ է մնացել փոփոխման ենթակա որոշակի ոլորտներ և դրույթներ նշելուց: Սակայն, նրա ասելով, իրեն` ֆինանսների նախարարին առընթեր ստեղծվել է հատուկ կառույց` բիզնեսի ներկայացուցիչների և շահագրգիռ պետական կառույցների մասնակցությամբ, որն զբաղվում է հարկային դաշտի կատարելագործման հարցերով: «Շահութահարկի մասով, օրինակ, ծրագրում ենք վերանայել ամորտիզացման գումարների հաշվարկի կարգը: Սակայն ցանկանում եմ հավաստիացնել, որ ֆինանսների նախարարին առընթեր խորհուրդն աշխատում է չափազանց արդյունավետ, և, կարծում եմ, առաջիկա ամիսների ընթացքում մենք կունենանք մի շարք ձևավորված առաջարկություններ, որոնք կբխեն այն հայեցակարգից, որով զինվել է նոր կառավարությունը, մասնավորապես, արտահանման զարգացմանը նպատակաուղղված քաղաքականությունից», - հայտարարել է Արամյանը:
Ընդ որում, չբացելով փակագծերը, նախարարը հավաստիացրել է, որ եթե երկրի քաղաքացիները վստահության քվե տան նոր կառավարությանը, (ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում – խմբ.), ապա կներկայացվի Հայաստանի տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որը կդառնա կառավարության նոր ծրագրի հիմքը: «Այդ ծրագրի կարևորագույն թեզիսը կդառնա անուղղակի հարկերի ավելացումը և ուղղակի հարկերի մասով որոշակի մեղմացումը` արտադրողականությունը բարձրացնելու և արտահանման ընդլայնմանն աջակցելու նպատակով», - պարզաբանել է ֆինանսների նախարարը: