Արմինֆո. 2017 թ. փետրվարի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նորանշանակ դեսպանը և ՀՀ ֆինանսների նախարարը քննարկել են հայ-բուլղարական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարարը նշել է, որ մենք ունենք բավարար ներուժ` զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Բուլղարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ բուլղարական կողմը պատրաստակամ է ՀՀ ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էրլունի հետ: Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան և Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարևորագույն տարանցիկ ուղի, ներկայումս էլ ձգտում է հարմարվել նոր գլոբալ իրողություններին և ունի համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու մեծ կարողություն: Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առևտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի և արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը, նախարար Արամյանի խոսքով, Չինաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման և Եվրասիական երկրների հետ համագործակցության ընդլայնման լավագույն նախադրյալներն են:Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը, ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ներուժն ու ուղղությունները: