Արմինֆո. «Վերջին տարիներին ՏՀՏ ոլորտն արագ զարգացել է Հայաստանում: Այդ հանգամանքը թույլ է տվել Հայաստան ներգրավել միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ներդրումներ` կառուցելու մրցունակ աշխատաշուկա, ապրանքներ ու ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհում»,- հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` նախօրեին Բեռլինում մեկնարկած Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին իր բացման խոսքում:
Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների առաջարկած արտադրանքի և ծառայությունների ուղղությունները. ծրագրերի մշակում, ինժեներություն, չիպ - դիզայն, արհեստական ինտելեկտ, ցանցային համակարգեր և այլն:
Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նախարարը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, որի նպատակն է կապել երկրի հյուսիսը հարավին` բարելավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը:
«Նախագիծը բաց է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով իրականացնելու համար, մենք կողջունենք նաև գերմանական ընկերությունների ներգրավվածությունը», - նշել է Վահան Մարտիրոսյանը:
Նա հույս է հայտնել, որ Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների ազգային ընկերություններին սերտացնել և խորացնել համագործակցության շրջանակները:
Հաջորդիվ տեղի են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող քննարկումներ, որտեղ ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները:
Համաժողովին մասնակցում են շուրջ 15 մասնավոր հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ և ծրագրերի իրականացմամբ: