Արմինֆո. Կապանում մեկնարկում է պլաստիկի երկրորդային վերամշակման երկամյա նախագիծը: Այս մասին թետրվարի 23-ին «Մարտահրավերներ և դրանց լուծման հնարավորություններ» համաժողովում, որը նվիրված է կենցաղային թափոնների արդյունավետ կառավարմանը, հայտարարել է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում կստեղծվի 35 մշտական աշխատատեղ: «Կենցաղային աղբից պլաստիկի առանձնացման գաղափարը մենք մշակել ենք 2 տարի առաջ, URBAN ծրագրի հետ համատեղ, ինչի արդյունքում հաջողվեց այդ մշակույթը ներդնել մեր համայնքներում»,-նշել է նա: Հետագայում, շարունակել է նա, պլաստիկի երկրորդային վերամշակման միջոցով սկսել շինանյութերի արտադրություն, որի արժեքը չի գերազանցի շուկայականին, իսկ արտադրանքը կլինի էկոլոգիապես ավելի մաքուր: Ծրագիրը գնահատվում է 750 հազ.եվրո, որից 60% հատկացնում է ԵՄ-ը, 25%-ը` Հայաստանի կառավարությունը, իսկ 15%-ը`գործընկերները: «Ծրագիրը կիրականացվի Սյունիքի և Վայքի մարզերում»,-հավելել է նա:
Համաժողովում ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Կարևորելով նման ծրագրերի իրականացումը, դեսպանը նշել է. «Մեզ համար սա կարևոր համագործակցություն է տեղական կազմակերպությունների հետ: Մենք ներդրել ենք միլիոնավոր եվրո, մասնավորապես ավելի քան 3 միլիոն Կոտայքի մարզում, իսկ 8 մլն` Երևանում: Իսկ այսօր քննարկում երկու շատ հետաքրքիր ծրագրեր, որոնք կապված են թափոնների կառավարման հետ Գորիսում և Կապանում: Մենք ցանկանում ենք խթանել այս ուղղությունները, զարգացնելով համապատասխան ենթակառուցվածքները: Իսկ Հայաստանի քաղաքացիները դրանից միայն կշահեն, քանի որ որքան արդյունավետ լինի թափոնների կառավարման քաղաքականությունը, այնքան լավ որակյալ կլինի բնակչության կյանքը»:
Միևնույն ժամանակ, համաժողովում ներկայացվել է «Ալյանս» ծրագիրը, որը գնահատվում է 580 հազար եվրո: Այս նախագիծը Գորիսի և Գորայքի համայնքներում նախատեսում է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և կենցաղի մշակույթի բարելավում: Նախատեսվում է նաև աղբի տարանջատման համակարգի ներդրում, մասնավորապես, պլաստիկի առանձնացում մյուս թափոններից:
Նրա խոսքով, ավարտական փուլում է գտնվում Իջևանի և վրացական Բոլնիսի համատեղ ուժերով իրականացվող ծրագիրը, ինչի արդյունքում 2 գործընկեր-քաղաքները համատեղ մշակել և ընդլայնել են աղբի հավաքման ռազմավարությունը, առաջին անգամ կիրառելով աղբի տարանջատման համակարգը:
Նշենք, որ երկօրյա համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախաձեռնություններ, որոնք ուղղված են աղբի հավաքման ծառայությունների և սանիտարական հավաքման բարելավմանը Հայաստանի մարզերում: Ֆինանսավորման 75%-ը կատարում է ԵՄ-ը, իսկ 25%-ը` ՀՀ կառավարությունը: Համաժողովը կազմակերպված է URBAN կայուն զարգացման Հիմնադրամի կողմից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ