Ուրբաթ, 24 Փետրվարի 2017 17:22
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Վերին Լարսին այլընտրանքի հարցի շուրջ

Հայաստանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Վերին Լարսին այլընտրանքի հարցի շուրջ

Արմինֆո. Հայաստանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Վրաստանը և Ռուսաստանը կապող Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին այլընտրանքային տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցի շուրջ: Այդ մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հրաժարվելով բացահայտել այդ պայմանավորվածությունների մանրամասները: Նա միայն նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ՝ էներգետիկ միջանցքի: Ընդհանուր առմամբ իմ այցը Վրաստան, արդյունավետ, ջերմ և կառուցողական էր»,- ասել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը, որով նախորդ դարի 90-ական թվականներից անցնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը, ձմռան շրջանում պարբերաբար փակվում էձյան առատ տեղումների, իսկ գարնանը` սելավների պատճառով: Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին  կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել էր ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը  կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման  վերաբերյալ: