Արմինֆո. Մարտի 3-ին տեղի ունեցավ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում ամեն տարի` հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության 26 փետրվարի 1998 թվականի N 116 որոշմամբ սահմանված կարգով։ Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակով մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվեց մարտի 3-ին` հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։
2016 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ մրցանակներ հանձնվեցին`«Բարի Սամարացի» ՍՊԸ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» ՓԲԸ, «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ կազմակերպույթուններին: Մրցանակները հանձնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: