Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,
ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստակամություն է հայտնել վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խոշոր տնտեսավարողներին:
Նադյա Պետկովան նշել է, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: 2016 թ. դեկտեմբերի 15-ին հաղորդվել էր, որ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ, 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով: Միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին: 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ: Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանց ձեռներեցությանը, կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է ամրապնդելու կանանց դերը տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է աշխարհի 25 երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այն ապահովում է ֆինանսավորման հասանելիությունը, տեղական բանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին բիզնես խորհրդատվություն, ուսուցում և աջակցություն տրամադրելու միջոցով: Ներկայումս ծրագիրը համատեղում է ֆինանսավորում, տեխնիկական օժանդակություն, տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցում, առաջին կորուստը ծածկելու ձևաչափով, և խորհրդատվություն բիզնեսներին, կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով: Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 1992 թ. Թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.11 մլրդ եվրո 153 ծրագրերում, երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: