Արմինֆո. Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից մարտի վերջին Ռուսաստան կատարվելիք այցի ընթացքում կողմերը կքննարկեն նաև ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը: Այս մասին հաղորդել է Iran Daily-ն, հղում կատարելով Իրանում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Անդրեյ Լուգանսկուն: Դիվանագետը, սակայն, կարծիք է հայտնել, որ դեպի Ռուսաստան միրգ և բանջարեղեն արտահանելու Իրանի մտադրությունը մտահոգում է Ռուսաստանին, քանի որ նման ապրանքներն առանց մաքսատուրքների ներկրելը տեղական ապրանքների հետ կարող է ստեղծել մրցակցություն: Բացի այդ, Իրանը վախենում է նաև, որ մեքենաշինական որոշ ապրանքների ներմուծումը կարող է խթանել տեղական ավելի թանկ ապրանքների հետ մրցակցությունը:
Նշենք, որ մարտի 12-14-ը Թեհրանում կայացավ ԵԱՏՄ երկրների և Իրանի տնտեսական գերատեսչույթունների ներկայացուցիչների հերթական նիստը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի և ներդրումների նախարարության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել է նաև փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: Կողմերը քննարկել են համաձայնագրի տեքստի նախագիծը, ինչպես նաև այն ապրանքների ցանկը, որոնք կողմերն առաջարկել է ներառել այդ ցանկում, որը համաձայնագրի շրջանակներում ունի սակագնային արտոնություններ: Հարցի շուրջ խորհրդատվություններ կշարունակվեն:
Իրանցի գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայ փոխնախարարն իրանական կողմին առաջարկել է քննարկել ներմուծող-արտահանող համատեղ ընկերություն ստեղծելու հարցը, ինչը կխթանի ապրանքների արտահանումը, այդ թվում նաև դեպի անմաքս գոտու շուկաներ: Ըստ հաղորդագրության, իրանական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը, առաջարկելով մշակել իրականացման հստակ մեխանիզմները:
Հիշեցնենք, մարտի 7-ին Բիշքեկում կայացած`Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ, Կարեն Կարապետյանն ընդգծել էր առևտրային բանակցությունների կարևորություն ԵԱՏՄ և երրորդ կողմից միջև: Այդ համատեքստում հայկան կողմը հաստատել է իր պատրաստակամությունն`ակտիվորեն նպաստել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացին: