Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի տնտեսությունում կատարվելիք ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի առնվազն 850 մլն.դոլար: Այս մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ըստ նրա, որոշ ներդրումային ծրագրեր արդեն գտնվում են իրականացման փուլում:: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջում նախարարությունը հանրությանը կներկայացնի իրականացվող ներդրումային ծրագրերի նախնական արդյունքները:
Այս տարվա հունվարի 12 –ին նախարարը տեղեկացրել էր, որ Հայաստանում 2017 թվականին սպասվում է լուրջ տնտեսական աճ, ինչպես նաև արտահանման և ներդրումային ակտիվություն: Նրա խոսքով, կառավարությունը վերանայել է տնտեսական զարգացման մոդելը, և հիմնական շեշտը դնում է տնտեսական զարգացման վրա, հիմնվելով շուկայում ձևավորվող առաջարկի վրա: «Հաշվի առնելով Հայաստանի փոքր չափը, մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ երկրի տնտեսությունը պետք է զարգանա արտահանման աճի հաշվին», - ասել է Կարայանը: Ներկայացնելով 2017 թվականի կանխատեսումները, նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է առնվազն պահպանել արտահանման աճի այն տեմպերը, որոնք արձանագրվել են 2016 թվականին, և նույնիսկ ավելացնել դրանք: «Տեմպերի աճ է սպասվում նաև ներդրումների ոլորտում, դրա համար էլ 2016-ի վերջին եռամսյակում կատարվեցին որոշակի աշխատանքներ և պատրաստվեց համապատասխան դաշտ: Սպասվում է նաև, որ 2017 թվականին կգրանցվեն տնտեսական աճի և տնտեսական ակտիվության լուրջ ցուցանիշներ, այդ թվում նաև արդյունաբերությունում» - ասել է Կարայանը:
Նշենք, որ առաջին 2016 թվականի 9 ամիսների արդյունքում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ընդամենը $ 92 մլն: Սակայն, երկրի կառավարությունը կանխատեսում է, որ 2017 թվականին կարձանագրվի 3.9% տնտեսական աճ, որը 2018-ին կհասնի 4%-ի, իսկ 2019-ին` 4.1 %-ի: