Ուրբաթ, 17 Մարտի 2017 19:45
Նաիրա Բադալյան

Ներգնա և ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ստորագրվել է  Համագործակցության հուշագիր

Ներգնա և ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ստորագրվել է  Համագործակցության հուշագիր

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության  պետական կոմիտեի և  Զբոսաշրջության  զարգացման  հիմնադրամի միջև  ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի  նախագահ Զարմինե Զեյթունցյանը և  Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը:

Աղբյուրի համաձայն, կողմերը կհամագործակցեն իրենց գործունեությամբ նպաստելով  ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների աճին, զբոսաշրջությունից ստացվող եկամուտների ավելացմանը,  Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության  ամրապնդմանն ու շարունակական  բարձրացմանը:

Զբոսաշրջության  պետական կոմիտեն և  Զբոսաշրջության  զարգացման  հիմնադրամը ստորագրված հուշագրի շրջանակներում մտադիր են աշխատանքներ իրականացնել միջազգային  ցուցահանդեսներում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելու, նպաստել համայնքներում, այդ թվում` Ծաղկաձոր քաղաքում  զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև իրականացնել հայկական զբոսաշրջային  արդյունքի դիվերսիֆիկացում, այդ թվում՝  Հայկական կոնյակի փառատոնի  կազմակերպման միջոցով:

Նշենք, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը 2016 թվականը եզրափակել է 5,7% աճով: Մասնավորապես,  հանրապետություն է այցելել 2.867 մլն օտարերկրացի, որոնցից 1.259 միլիոնը` զբոսաշրջության նպատակով: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի աճի ապահովմանն ամենամեծ դերը խաղացել են Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Չինաստանի քաղաքացիները: Իրանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 30%, իսկ ռուսներինը`2.3%, նախորդ տարվա 6% անկման համեմատ: Մինչև 2020 թվականը Զբոսաշրջության պետական կոմիտեն մտադիր է կրկնապատկել օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան: