Արմինֆո. 2016 թ. զբոսաշրջության ոլորտում աճը Հայաստանում կազմել է 5,7%: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
«Այդ աճի 31%-ը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկների հոսքից ստացված շահույթին: 2015 թվականին Հայաստան է ժամանել 144 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016 թվականին՝181 000»,- նշել է նա: Զեյթունցյանի խոսքով, աճը պայմանավորված է մի քանի գործոնով: «Առաջին՝ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է: Բացի այդ, Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքիր է թե ժամանցային, թե պատմամշակութային զբոսաշրջության առումով»,- ընդգծել է նա:
Ըստ որում, Զեյթունցյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել
մասնավոր ընկերությունների հետ, որոնք սահմանային անցակետերում պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանում իրանցի զբոսաշրջիկներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ոստիկանության և Առողջապահության նախարարության հետ, որպեսզի վերջիններս ավելի մեծ ուշադրություն հատկացնեն Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին:
«Բացվել է «թեժ գիծ», որի հեռախոսահամարը նշված է Մեղրի-Երևան ճանապարհահատվածի տեղեկատվական վահանակներում: Այն գործում է շուրջօրյա, որպեսզի դժվարությունների հանդիպած զբոսաշրջիկներն անհրաժեշտ օգնություն ստանան»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ տեղեկատվական վահանակներոմ տեղ են գտնել նաև Նովրուզի կապակցությամբ շնորհավորանքներ: