Արմինֆո. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը բացառում է «օտկատների» փորձի առկայությունը ճանապարհաշինության ոլորտում: «Հակառակն ապացուցող փաստերի առկայության դեպքում խնդրում եմ կիսվել դրանցով», - հայտարարել է Վահան Մարտիրոսյանը` ապրիլի 6-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Միևնույն ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, նախարարը խոստովանել է, որ Հայաստանի շատ ճանապարհների վիճակը մնում է անբավարար:
Նախարարի ասելով, ճանապարհաշինությանն առնչվող խնդիրները բազմաթիվ են, սակայն ստիպված են հաշվի առնել ֆինանսական հնարավորությունները: Նախարարությունը խոստանում է երեք շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ նախաձեռնություններ ներկայացնել, սակայն խոստովանում է, որ սեղմ ժամկետում հարցի լուծումն անհնար է թվում, անգամ, միլիարդների ներդրմամբ:
Ինչպես հայտարարել է Վահան Մարիտիրոսյանը, Հայաստանի ճանապարհների վերականգնումն ու վերանորոգումը պահանջում են շատ լուրջ ներդրումներ, քանի որ պահանջվում են ոչ թե ժամանակավոր լուծումներ` փոսերը լցնելու տեսքով, ինչպես սովորաբար արվում է, այլ` կապիտալ վերանորոգում: «Տվյալ փուլում ճշտվում է ներդրումների անհրաժեշտ ծավալը: Ըստ նախնական հաշվարկների, պահանջվում են վիթխարի ներդրումներ», - հայտարարել է նախարարը` խոստանալով երեք շաբաթվա ընթացքում ավելի որոշակի տեղեկատվություն տրամադրել: Ինչպես պարզաբանել է նախարարը, ակնկալվող ներդրումները ենթադրում են ինչպես բյուջեի միջոցների ներգրավում, այնպես էլ միջազգային դոնորների ներդրումներ: Եվ, չնայած երկրի պարտքի բեռը չավելացնելու կառավարության ձգտմանը, ինչպես պարզաբանել է Մարտիրոսյանը, ճանապարհների բարեկարգման հարցում կառավարությունն ստիպված է լինելու գնալ արտաքին վարկային միջոցների ներգրավման: Ընդ որում, ինչպես հայտարարել է Վահան Մարտիրոսյանը, հարկ չկա ակնկալել, որ տեղական բիզնեսը ճանապարհաշինության ոլորտում ներդնելու ցանկություն կհայտնի, պետությունը չի կարող բիզնեսին ստիպել ճանապարհներ կառուցել: Միևնույն ժամանակ, եթե բիզնեսը հետաքրքվի ճանապարհաշինության ֆինանսավորմամբ, ապա հետո դրանք կդառնան վճարովի:
Ինչպես նշել է նախարարը, Հայաստանի ճանապարհների նման վիճակը պայմանավորված է նաև կլիմայական պայմաններով: Այդուհանդերձ, Մարիտիրոսյանի ասելով, վերջին տարիներին հանրապետությունում կառուցված ճանապարհները բարձր որակի են: Օրինակ` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման նոր ճանապարհը, նախարարի հավաստմամբ, կծառայի 12 տարի` ինչպես նախատեսված է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը համաձայն չէ նաև այն կարծիքին, թե ճանապարհների անբավարար վիճակը կարող է պայմանավորված լինել մատակարարվող բիտումի անորակությամբ: Ինչպես հավաստիացրել է Վահան Մարտիրոսյանը, պարսավանք չի կարող լինել, քանի որ, համապատասխան լաբորատոիաների եզրակացության համաձայն, ճանապարհաշինությունում օգտագործվող բիտումը համապատասխանում է սահմանված նորմատիվներին: