Արմինֆո.«Հայաստանում փառատոնային զբոսաշրջությունը ձևավորման փուլում է, և տուրօպերատորներն առավելագույն ջանք են գործադրում զբոսաշրջիկների ներգրավման համար: Այդուհանդերձ, կարծում ենք, կոնյակի փառատոնը, որը տեղի կունենա մայիսի 7-ին Ծաղկաձորում, լավագույն առիթն է Հայաստանում ներգնա զբոսաշրջության զարգացման համար», - ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Էըր Կավկազ» զբոսաշրջային գործակալության գործադիր տնօրեն Սվետլանա Սիմոնյանը: Կոնյակի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Զանգվածային միջոցառմանն ակնկալվում է շուրջ 25 հազար հյուրերի ժամանում: Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արմինե Խաչատրյանի ասելով, աննախադեպ միջոցառմանը կմասնակցեն կոնյակի արտադրությամբ զբաղվող շուրջ 30 ընկերություններ: Փառատոնի շրջանակում կենտրոնական հարթակում և հատուկ տաղավարներում կներկայացվեն նաև հայկական շոկոլադ և չրեր: «Ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի բոլոր արտադրողները մասնակցեն փառատոնին: Գովազդման նպատակից զատ կկազմակերպվի նաև ներկայացվող արտադրանքի վաճառք», - նշել է Խաչատրյանը:
Այդ փառատոնի հայկական զբոսաշրջային ապրանքի նպատակային շուկան Ռուսաստանն է: «Ակնկալում ենք ՌԴ-ից բազմաթիվ զբոսաշրջիկների տեսնել փառատոնին: Նախատեսում ենք, որ մայիսյան տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կավելանա», - հայտարարել է Խաչատրյանը, հավելելով, որ հրավերներ են ուղարկվել ՌԴ նախագահի և կառավարության աշխատակազմեր, և ակնկալվում է, որ ռուսական կողմը ներկայացված կլինի բարձր մակարդակով:
Փառատոնի կազմակերպիչները նախատեսել են չափազանց հետաքրքիր և բազմաբնույթ համերգային ծրագիր: Ինչպես հավաստիացրել է հիմնադրամի ներկայացուցիչը, փառատոնի այցելուներին սպասում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում` «Քոմեդի քլաբի» աստղերը:
Փառատոնի շրջանակում նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջության մասին պատմող տեսահոլովակների արտադրություն, որոնք կողմնորոշված են ռուսական շուկային: Արդեն նախապատրաստվել են համապատասխան գովազդային վահանակներ, որոնք կտեղադրվեն երկրի ողջ տարածքում: Ինչպես նշել է միջոցառման կազմակերպիչը, քանի որ փառատոնն անցկացվում է առաջին անգամ, իրենք ֆիզիկապես չեն հասցնում աշխատել մյուս շուկաների ուղղությամբ` ռուսականից բացի, սակայն համագործակցում են Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի հետ, որտեղ արդեն կա նման միջոցառումների անցկացմման փորձ:
Ինչ վերաբերում է միջոցառման ֆինանսական աջակցությանը, Արմինե Խաչատրյանը չի բացել փակագծերը, միայն հաղորդելով, որ «փառատոնի բյուջեն բավականին մեծ է»:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպված կլինի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Զբոսաշրջության պետական կոմիտեի համատեղ ջանքերով: Միջոցառման նպատակը հայկական կոնյակի ճանաչելիության բարձրացում է աշխարհի ավանդական և նոր շուկաներում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 21 529.2 հազար լիտր կոնյակ` 27% տարեկան աճով: Հայկական կոնյակի իրացման հիմնական շուկան ավանդաբար մնում է Ռուսաստանը: