Արմինֆո. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը, ցավոք, 2017 թ.-ին աճ չի արձանագրի: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կանխատեսում է արել «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն արձանագրում է բացասական տրենդ, քանի որ OTT-օպերատորները (Over The Top), ինչպիսիք են, օրինակ, Viber-ը, Whats upp-ը կամ մյուսները, աշխատելով մեր ցանցում, ուտում են հեռահաղորդակցական ընկերությունների հասույթը», - ընդգծել է նա: Ըստ նրա, դա երևում է ֆիքսված կապի և միջազգային զանգերի հասույթի նվազումից: Աճ է արձանագրվել միայն Data-թրաֆիկը, որը չի փոխհատուցում ոլորտի ընդհանուր անկումը, գտնում է Կարապետյանը:
Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է նաև ուժեղ մրցակցությունը Հայաստանի հեռահաղորդակցության երեք օպերատորների միջև, ինչը հանգեցնում է գների էրոզիայի և ARPU (մեկ բաժանորդի գծով ամսական միջին հասույթը) մակարդակի իջեցմանը:
«Գտնում եմ, որ հեռահաղորդակցության ոլորտը, ինչպես նաև կապի ոլորտն ամբողջոթյամբ, 2017 թ.-ին կրկին կբախվեն հասույթի անկմանը, բայց հուսով եմ, որ այդ անկման տեմպերը կլինեն ավելի համեստ», - եզրափակել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականին Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 152 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով անկումը`9,5%: Հեռահաղորդակցության հատվածի հասույթը կազմել է 143 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 21.5%:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: