Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարի և Թոմ Ֆիլիպի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար:
Անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-չեխական գործակցության հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահական բիզնեսի և ներդրումային ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ներդրումների համար՝ հաշվի առնելով գործարար միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով արվող բարեփոխումները, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներ մուտքի հնարավորությունները:
ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ չեխական բիզնեսը հետաքրքրված է հայաստանյան շուկայով, հետևողականորեն ծանոթանում է կառավարության կողմից գործարար բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող արդյունավետ քայլերին, և չեխ գործարարներն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում:
Ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկումների արդյունքները՝ Չեխիայի առողջապահության փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարը և Թոմ Ֆիլիպը նշել են, որ Հայաստանում առողջապահության համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը տպավորիչ են, և հայ-չեխական առողջապահական փոխգործակցության հնարավորություններ կան կլինիկական բժշկության, էլեկտրոնային առողջապահության, հիվանդանոցային կառավարման գիտահետազոտական և այլ ուղղություններով: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցերի, փորձագիտական շփումների ու փորձի փոխանակման (նաև միջազգային հարթակներում) միջոցով շարունակել գործակցության խորացմանն ուղղված աշխատանքները:
Ողջունելով այդ ջանքերը՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ժամանակակից ու մրցունակ առողջապահական համակարգ ստեղծելու ճանապարհով և կարևորում է այս ուղղությամբ հաջողություն արձանագրած երկրների փորձը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. կազմել է $17,3 մլն՝ 20,3 % տարեկան անկումով: Ըստ որում, արտահանումը կազմել է $2,3 մլն՝ 35,4 % տարեկան աճով, իսկ ներմուծումը $15 մլն՝ 25% տարեկան անկումով: Հայաստանից Չեխիա է արտահանվում հիմնականում մոլիբդենի խտանյութ, ֆերոմոլիբդեն, խեցեղեն, փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք, կահույքի մասեր: Չեխիայից Հայաստան է ներմուծվում հրուշակեղեն, սննդամթերք, դեղամիջոցներ, պլաստմասե իրեր, տրիկոտաժ: