Արմինֆո. Ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն, այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության անհրաժեշտության մասին։ Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականությունը։ Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված՝ տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու ամենակարևորը՝ նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը»։
Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է 2-շաբաթյա ժամկետում Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Գյուղատնտեսության նախարարներին Կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման (սուբսիդավորման) հստակ գործիքակազմ ըստ գերակա ոլորտների։ «Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում: Մենք արդեն անցկացնում ենք նման քննարկումներ գյուղատնտեսության ոլորտում՝ կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներ: Եթե տնտեսվարողը վարկը վերցնում է այն ուղղությունների համար, որոնք մենք համարում ենք հեռանկարային, գերակա, ապա մենք մեկնարկային փոււլում կսուբսիդավորենք այն: Բացի գործիքակազմը ներկայացնելուց, մենք պետք է տարվա ընթացքում կանխատեսումներ անենք, որպեսզի 2018 թվականի բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսենք: Բյուջե նախատեսելու պարագայում գերատեսչությունները ներկայացնում են դրա արդյունավետությունը՝ աշխատատեղեր, հավելյալ արժեք և այլնե,-ասել է Կարեն Կարապետյանը: