Արմինֆո. Ընթացիկ տարվա մայիսի 25-ին կբացվի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղի Երևանից Աշտարակ հատվածի երթևեկությունը, այսօր լրագրողներին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Այնուամենայնիվ, շարունակել է նախարարը, կամուրջների շինարարական աշխատանքները շարունակվում են և կավարտվեն 2017 թ. սեպտեմբերի վերջին:
Ինչպես ընդգծել է Մարտիրոսյանը, աշխատանքներն իրականացվել են պատշաճ մակարդակով: Ավելի վաղ եղել են որշակի թերություններ, որոնք այնուհետև վերացվել են: Ավելին, այդ թերությունների համար իսպանական Corsan Corviam ընկերությունը, որն իրականացնում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը, տուգանվել է $5,7 մլն-ով: Ներկայումս աշխատանքներն ընթանում են՝ ժամանակացույցի համաձայն:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: