Արմինֆո. Ճապոնական Յոկոհամա քաղաքում տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի կառավարիչերի խորհրդի 50-րդ ամենամյա նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Հայաստանյան պատվիրակության ղեկավարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կոնֆերանսում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, կայացել են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Հանդիպումների առաջին օրը, անդրադարձ կատարելով անդամ երկրների զարգացման օժանդակության առումով ԱԶԲ-ի ձեռքբերումներին, ԱԶԲ-ի նախագահ Տակեհիկո Նակաոն ամփոփել է դրանք երեք հիմնական ուղղություններով, ֆինանսական միջոցների (վարկերի և դրամաշնորհների) համադրություն ենթակառուցվածքների և սոցիալական հատվածի ծրագրերի վերաբերյալ գիտելիքների հետ, պատշաճ քաղաքականության խթանում երկխոսության, կարողությունների զարգացման և քաղաքական ձեռքբերումների հիման վրա կայացվող վարկավորման որոշումների միջոցով և տարածաշրջանային համագործակցության և ընկերակցության գործընթացների խթանում:
Նշենք, որ ԱԶԲ-ի և Հայաստանի ավելի քան 10 տարիների համագործակցության շրջանակներում բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում էներգետիկ, տրանսպորտային ու ջրային ենթակառուցվածքների ոլորտներում, բիզնեսի ու ներդրումների խթանման և այլ բնագավառներում: Բոլոր ծրագրերը շոշափելի ներդրում են ունեցել մեր երկրի տնտեսական աճի ու զարգացման հեռանկարի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյունից: