Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 9-ին ԼՂՀ կառավարությունը և «Վալեքս Գրուպե ընկերությունը ստորագրել էին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում լեռնարդյունաբերական աշխատանքների կազմակերպման մասին համաձայնագիր, որի շահագործումն սկսվել է անցյալ տարի: «Վալեքս Գրուպե ընկերությունը նախատեսում է շահագործման 10 տարիներին կատարել շուրջ 80 մլն դոլարի ներդրում: Մասնագետները պնդում են, որ Կաշենի հանքավայրն այնքան հարուստ չէ ոսկով, ինչպես Դրմբոնի հանքավայրը, բայց պղնձի և մոլիբդենի պաշարները թույլ են տալիս այստեղ սկսել լայնածավալ արտադրություն: Եթե Դրմբոնի կոմբինատը տարեկան արդյունահանում է 350 հազար տոննա հանքանյութ, ապա Կաշենի հանքավարյում, ըստ նախնական տվյալների, կարելի է արդյունահանել տարեկան 1 մլն 600 հազար տոննա հանքանյութ: 10 տարիների ընթացքում կարդյունահանվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ, որը պարունակում է ավելի քան 20% պղնձի խտանյութ: Նախատեսվում է նաև մոտ 1200 նոր աշխատատեղերի ստեղծում: «Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998-ին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերությունների: Դրանց թվում են` «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին՝ Թեղուտի նախագծի համակարգման նպատակով, «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման գործարանը: