Արմինֆո. Մայիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների (ՀՀՄ) միության խորհրդի նիստ, որի ընթացքում կատարվեց միության նախագահի ընտրություն։
Գործող նախագահ Մաքսիմ Հակոբյանը խորհրդի անդամներին ուղղված իր ուղերձով առաջադրեց «Լիդիան Արմենիաե ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի թեկնածությունը՝ հիմնավորելով այդ առաջարկը վերջինիս մասնագիտական և մարդկային հատկանիշներով։ Մաքսիմ Հակոբյանի հետ համակարծիք էր նաև «Մեղրաձոր Գոլդե ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը:
Ներկայացնելով միության գործունեության իր տեսլականը, Հայկ Ալոյանը նշեց, որ Միության անդամ կազմակերպությունները պետք է համատեղեն իրենց ջանքերը հանքարդյունաբերության ընդհանուր հիմնախնդիրները լուծելու, ոլորտի զարգացմանը նպաստելու և հանրության հետ բաց ու թափանցիկ աշխատելու նպատակով։ Նրա խոսքերով, ՀՀՄ միությունը իրենց համատեղ աշխատանքի համար լավագույն հարթակն է, և միասին պետք է կարողանան բարձրացնել հանքարդյունաբերության հեղինակությունը, հատկապես, որ այս ոլորտն է երկրի տնտեսության հիմնական հենասյուններից մեկը։ Հասարակությունը իրազեկման և ժամանակակից հանքարդյունաբերական տեխնոլոգիաներին ծանոթանալու կարիք ունի՝ անհիմն մտավախություններից խուսափելու և իրավիճակը ճիշտ գնահատելու համար։
Միության անդամները քննարկեցին ոլորտի մի շարք կարևոր մասնագիտական խնդիրներ, ինչպես նաև աշխատուժի ներգրավման, ապագա մասնագետների պատրաստման և ոլորտի կրթության որակի բարձրացման հարցեր, որոնք առաջիկայում պետք է լինեն միության ղեկավարության ուշադրության ներքո։ Խորհրդի անդամները գնահատեցին, որ այս կառույցը ղեկավարելով՝ Հայկ Ալոյանը կկարողանա համախմբել շահագրգիռ կազմակերպություններին և արդյունավետ համագործակցություն հաստատել պետական մարմինների հետ։ Նշվեց նաև, որ նրան լավագույնս կհաջողվի կառույցը բարձրացնել որակապես նոր մակարդակի․ բոլորի համար օգտակար և արդյունավետ՝ ի նպաստ անդամ կազմակերպությունների շահերի պաշտպանության և երկրի տնտեսության զարգացման։
Միաձայն քվեարկությամբ Հայկ Ալոյանը ընտրվեց Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, իսկ նախկին նախագահ Մաքսիմ Հակոբյանն ընտրվեց կազմակերպության պատվավոր նախագահ։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը զբաղվում է Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ: