Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին, իրականացրել է «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին մասնակցում էին թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետ։ Վարպետաց դասն անցկացնում էին միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանը։ Վարպետաց դասի նպատակն էր՝ ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարևորությունը։ Վարպետաց դասը վարել է Marsh ընկերության բեռների և մշակութային արժեքների բաժնի ղեկավար Օլգա Սերավկինան: Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին սերտիֆիկատներ։
«Արվեստի գործերի համապատասխան պաշտպանությունը հանդիսանում է երկրի ժառանգության պահպանման առանցքային գործոն, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված ապահովագրությունը չնախատեսված ռիսկերից պաշտպանվելու մեխամիզմ է: Հենց այս նպատակով մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունը՝ անցկացնել ուսուցողական դասընթաց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար» - իր խոսքում նշել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ–ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:
«Ժամանակի մարտահրավերները ստիպում են լինել աչալուրջ և տեղեկացված։ Կարևոր է աշխատել ապահովագրական ընկերությունների հետ, ճանաչել ապահովագրության հետ կապված բոլոր առանձնահատկությունները, քանզի նման ահռելի մշակութային ժառանգություն ունեցող ժողովրդի համար սա առաջնահերթ է»,- նշել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյան:
«Marsh–ը համաշխարհային ապահովագրական բրոքեր ընկերություն է, որն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ անցել է բավականին երկար և հագեցած ճանապարհ։ Marsh-ը, Հայաստանում չունենալով ներկայացուցչություն, համագործակցում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ՝ որպես առաջատար ապահովագրողը Հայաստանի տարածքում, և համատեղ իրականացնում փորձի փոխանակման ծրագրեր»,- նշել է Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանը:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ նախաձեռնություններով։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։