Արմինֆո. Նախորդ տարվա համեմատ այս տարի գյուղատնտեսությունում արմատական անկում ունենք: Մայիսի 15-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՈԿԿ ղեկավար Հրաչյա Բերբերյանը:
Բերբերյանի ասելով, գյուղատնտեսության արտադրողականության անկումն ունի մի քանի պատճառ, որոնցից գլխավորը ոլորտի անգրագետ կառավարումն է: «Գարնանացանն սկսվել է մարտին, իսկ Գյուղնախարարությունը հայտարարում է, որ միայն 4-5 օր անց գյուղացիներին դիզելային վառելիք կտրամադրվի: Ինչ է, Գյուղնախարարությունը տեղյակ չէ՟ գարնանացանն սկսելու ժամկետների մասին», - հարց է տվել ՈԿԿ ղեկավարը: «Դեռ ասում են, որ գյուղացիներն ու գյուղական համայնքների ղեկավարները պետք է իրենց համար բիզնես-ծրագրեր գրեն: Այդ մարդկանցից շատերը նույնիսկ միջնակարգ կրթություն չունի», - նշում է նա: Ինչպես հայտարարել է փորձագետը, այսօրվա դրությամբ կառավարման ունակության բացակայության պատճառով կտրուկ կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածքները, շատ գյուղերում` նույնիսկ 50%-ով: Արդյունքում` այսօր կարտոֆիլի գինը խանութներում մոտ 300 դրամ է, իսկ գյուղացիները հարկադրված վաճառքի են հանել սերմացու կարտոֆիլը: «Սակայն, ճտերն աշնանն են հաշվում: Ամբողջական պատկերը մենք կտեսնենք աշնանը», - նշել է նա: Բացի այդ, 2017 թվականին Հայաստանում կրճատվել է խաղողի այգիների մակերեսը, ինչի առնչությամբ շուտով տեխնիկական տեսակների պակաս կառաջանա: «Իրավիճակը ծանր է, և այն ծագել է վերամշակող ձեռնարկությունների մեղքով, ավելի ստույգ` նախորդ տարիների բերքի դիմաց ֆերմերների պարտքերը չվճարելու պատճառով», - հայտարարել է Բերբերյանը: Փորձագետը խոստացել է վերջնական պատկերը ներկայացնել աշնանը: Գործերը փոքր-ինչ ավելի լավ են ծիրանի առնչությամբ: Բերքը միջին է, սակայն` կայուն, նշել է Բերբերյանը: «Բերքն, իհարկե, կլինի ոչ այն ծավալի, որը մենք ակնկալում էինք, բայց` կլինի», - հայտարարել է նա: Ընդհանուր առմամբ, ինչպես կանխատեսում է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՈԿԿ ղեկավարը, գները, բացառությամբ կարտոֆիլի, ամռանն ու աշնանը կմնան նախկին մակարդակում: Մրգերի թանկացում նույնպես չի լինի: