Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 15-20-ը ծավալներն աճել են 41.8%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 2% աճից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարային, եվրոյով և ռուբլով գործարքների շաբաթական վայրընթաց տրենդը կտրուկ փոխարինվեց վերընթաց տրենդով, ինչպես առքի, այնպես էլ վաճառքի գործարքներում: Հատկանշական է, որ այդ ֆոնին, երկարատև դադարից հետո, կենդանության նշաններ ցուցաբերեց արժույթի բորսայական հարթակը, մայիսի 17-ին և 20-ին արձանագրելով 200 հազար դոլարի համեստ ցուցանիշներ:
Արդյունքում, հաշվետու շաբաթ դրամն ամրապնդվեց 483 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ թուլանալով 541 դրամ/եվրո մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ ամրանալով 8.5 դրամ/ռուբլի մակարդակում: Մինչ այդ, 2016 թվականի մայիսի 1-20-ը դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել էր 478 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`536 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.3 դրամ/ռուբլի մակարդակներում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածքում ծավալները բորսայական հարթակում կազմել են 400 հազար դոլար, 483.20 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ծավալները կազմել են 8.650 մլն. դոլար, միջին փոխարժեքը` 483.73 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`484,16 դրամ/դոլար): Արժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են շաբաթվա սկզբին` 2.0-2.7 մլն.դոլար, իսկ նվազագույն ծավալները` ուրբաթ օրը, կազմելով 600 հազար դոլար: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի/վաճառքի դինամիկան 32.8-32% անկումը փոխարինեց 60.1-68% աճով, եվրոյով գործարքներում`54-19.3% անկումը` 114.3-34.5% աճով, իսկ ռուբլով գործարքներում`48.5-38.7% անկումը փոխարինվեց 150.7-41.2% աճով: Արդյունքում, գնվել է $ 86.6 մլն., 482.84 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 10.5 մլն եվրո, 531.73 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 1.4 մլրդ. ռուբլի, 8.45, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 94.7 մլն, 484.76 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 15.2 մլն. եվրո, 535.12 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 415.3 մլն. ռուբլի 8.55 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (մայիաի 8-13-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 30.2 մլրդ-ի դրամային և 29.9 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալները նվազել են 55.4%, իսկ դոլարային վարկերի ծավալները`28.3%: