Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին՝ Doing Business-2017 միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակել նրանց, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, մայիսի 19-ին ՀՀ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը տեղեկացրել էր, որ մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելըե զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |