Արմինֆո. Այսօր պաշտոնյաները պետք է լրջորեն մտածեն շինարարական ինդուստրիայի զարգացմանն համալիր միջոցառումների իրականացման ուղղությամբ: Այս մասին մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Եթե գյուղատնտեսությունը կամ արդյունաբերությունն արձանագրեն 10% աճ, դա կնպաստի աշխատատեղերի աճին: Հայաստանում զբաղվածության ապահովման հարցում որոշիչ դեր է խաղում շինարարությունը»,-պարզաբանել է նա:
Նա նշել է, որ արդեն առաջին եռամսյակում շինարարության ոլորտն արձանագրեց 13.6% տարեկան անկում, առանց այն էլ ՀՆԱ կառուցվածքում ունենալով փոքր ծավալներ: Նրա կարծիքով, շինարարության ոլորտը հիմնական դերն է խաղում ներդրումների ներգրավման հարցում, ինչը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը:
Ներդրումների առումով նա նշել է, որ ընթացիկ տարում ներդրումային ծրագրեր կիրականացվեն տարբեր ոլորտներում, բայց նա կասկած է արտահայտել, տնտեսության համար հետագա դրական արդյունքի առումով, ելնելով ներդրումների անպաշտպանվածության հանգամանքից: «Հայաստանում պահպանվում է օլիգարխիկ համակարգը, իսկ քաղաքական անգրագիտությունը դեռ երբեք այսքան ուժգնությամբ չէր արտահայտվել, ինչպես այսօր: Ներդրումային նախագծերը կիրականացվեն: Բայց արդյո՞ք կհաջողվի դրա հաշվին հասնել զարգացման – հսկայական պրոբլեմ է»,-հայտարարել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի շինարարության ոլորտում ծավալները 2016 թվականին նվազել են 10.8%, մինչև 397.7 մլրդ դրամ: 2017 թվականի I եռամսյակում շինարարության հատվածում արձանագրվել է 13.6% անկում, մինչև 35,7 մլրդ դրամ, նախորդ տարվա 2.2% անկման փոխարեն: