Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսին: Հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության առաջատար գործարար ասոցիացիաները ներկայացնող կազմակերպություն է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսին: Հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության առաջատար գործարար ասոցիացիաները ներկայացնող կազմակերպություն է:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և մեր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ և պատրաստ է քննարկել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված փոխշահավետ ցանկացած նախաձեռնություն:
Միխայել Հարմսը ողջունել է ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարեփոխմանը նպատակուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գերմանական կողմին տեղեկատվություն փոխանցել առկա ներդրումային ծրագրերի փաթեթի վերաբերյալ և հետևողական լինել հետադարձ կապի հարցում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի շրջանառությունը 2016 թվականին կազմել է $ 325,6 մլն., տարեկան անկումը`4.9%: Արտահանումը կազմել է $ 138,9 մլն, տարեկան անկումը`0,9%, իսկ ներմուծումը`$ 186,7%, տարեկան անկումը`7.6%: