Ուրբաթ, 2 Հունիսի 2017 16:31
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստան են ժամանել իսրայելական 17 զբոսաշրջային օպերատորների ներկայացուցիչներ

Հայաստան են ժամանել իսրայելական 17 զբոսաշրջային օպերատորների ներկայացուցիչներ

Արմինֆո. Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային  օպերատորներ Իսրայելից, որոնք հունիսի 2-ին հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային  օպերատորների  հետ:  Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը: 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Զբոսաշրջտության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Զարմինե  Զեյթունցյանը բացման խոսքում նշել է.  «Կարևում ենք Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության  ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ  երկու երկրների միջև  զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից  ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների   բարեկամության ամրապնդման և  զարգացման  նշանակություն»:

Հանդիպման  ընթացքում  քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի  միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ  տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:

17 զբոսաշրջային օպերատորների այցը  Հայաստան կազմակերպվել է «Արմենիա» ավաընկերության կողմից, որի առաջին թռիչքը Թել Ավիվ կայացել է մայիսի 17-ին: Կանոնավոր չվերթներն իրակաանցվում են հինգշաբթի և կիրակի օրերին:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է ժամանել 1 298 533 զբոսաշրջիկ, ինչը 18.2%-ով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ինչպես նշում է աղբյուրը, հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 1 266 324 մարդ: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 17.1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին, 59.7%-ը` այլ երկրների: