Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարոթւյան մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր:
Իվոն Չիուն նշել է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք համաժողովն անցկացվելու է «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո և ավելացրել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նպատակն է թվային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Տիկին Չիուն վստահություն է հայտնել, որ 2019-ի համաժողովը նոր թափ կհաղորդի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին և ավելացրել, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:
RUB | 4.07 | 0.00 |
USD | 386.99 | -0.06 |
EUR | 426.85 | -0.61 |
GBP | 509.55 | 1.82 |
CAD | 285.54 | -0.49 |
JPY | 26.42 | 0.06 |
CNY | 55.14 | -0.01 |
CHF | 454.37 | -0.88 |