Արմինֆո. 2017թ.-ի հունիսի 13-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 50,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.25% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB22ER2) բորսայում կշրջանառվեն ANLBB2 բորսայական հապավմամբ:
Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, նշվաշ թողարկման հետ մեկտեղ, շրջանառվում են Անելիք Բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումները`երկու դոլարային (յուրաքանչյուրը 5 մլն դոլար) և մեկ դրամային (1 մլրդ դրամ) ծավալներով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, Անելիք Բանկի պարտատոմսերի 3 թողարկումների հետ միասին, 2017-ի հունիսի 13-ի դրությամբ շրջանառվում են կորպորատիվ պարտատոմսերի 11 թողարկողների 32 թողարկումներ: Դրանցից 20-ը (այդ թվում`16 դոլարային) կատարել են 7 թողարկող բանկեր`Արարատբանկը, Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, Հայբիզնեսբանկը, Անելիք Բանկը, Յունիբանկը և Կոնվերս Բանկը:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):