Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Արդեն իսկ կատարվել են փակ սահադաշտի, մարզաառողջարարական համալիրի, դպրոցի և մանկապարտեզի շինմոնտաժային աշխատանքները: Նախագծի շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:
Այս նախագիծն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն:
Ալեքսեյ Միլլերը նշել է՝ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարևորում է նման միջազգային ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա երեխաներին ու պատանիներին զբաղվել տարբեր մարզաձևերով: Նա ընդգծել է, որ ապագայում ընկերությունը մեր երկրում նախատեսում է իրականացնել սոցիալական նոր ծրագրեր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր ԱրմԻնֆո գործակալությանը, նախագիծն իրականացվում է «Գազպրոմի երեխաներին» ծրագրի շրջանակներում, «Գազպրոմի» աջակցությամբ: Բոլորը հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, կառուցվել է շինության հիմնական մասը, որտեղ կտեղակայվի սառցե ասպարեզը: Ավարտական փուլում է գտնվում բազմահարկ ավտոկայանատեղի շինարարությունը: «Գազպրոմը» կարող է շինարարությանը ներդնել 49,3 մլն.դոլար: Ըստ նախագծի, 31841 ք.մ տարածքում նախատեսվում է երեք օբյեկտների կառուցում - դպրոց, սպորտային համալիր և հանգստի վայրեր: Կրթահամալիրը կունենա 250 տեղանոց մանկապարտեզ, 950 տեղանոց դպրոց, ընդ որում, 450 տեղորը նախատեսված են ավագ դպրոցի համար, ինչպես նաև փակ լողավազան և մինի ֆուտբոլի դաշտ: Մարզաառողջարարական տարածքը կընդգրկի մի համընդհանուր տարածք, արհեստական սառույցով 350 տեղանող շուրջտարյա փակ սահադաշտ, տափօղակով հոկեյի, գեղասահքի պարապնունքների համար: Ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է 85 մեքենայի համար: Համալիրի սպասարկման նպատակով նախատեսվում է ավելի քան 230 աշխատատեղի ստեղծում: