Արմինֆո. Բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Այդ մասին նախօրեին
վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով ցուցաբերված օժանդակությունը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ՝ հատկապես տնտեսության ոլորտում: Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և կառավարության գործունեության նոր ծրագրին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը:
Իր հերթին, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով և տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության ծրագիրը: Դեսպանն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը մեր երկրի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Տիկին Ֆարնուորթը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջև մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրին, որը ներկայում քննարկվում է երկրի խորհրդարանում: Այսպես՝ փաստաթղթով առաջարկվում է տնտեսական աճի հստակ թիրախ ընտրել տարեկան 5 տոկոսը, 5 տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձի աճի թիրախ սահմանել 25 տոկոսը, առաջարկվում է գործազրկության 12 տոկոս նվազում: Կառավարությունը մտադիր է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի, ինչպես նաև բարելավել դիրքերը ՀԲ Doing Business վարկանիշում՝ հասնելով 25-րդ հորիզոնականի: Կառավարության ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացվում հակակոռուպցիոն պայքարին, անվտանգության խնդիրներին և «ազգ-բանակ» գաղափարախոսության խորացմանը: