Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստում է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրում «Հայաստան-Իրան» երկաթուղու շինարարության ծրագրի բացակայությունը դեռ չի նշանակում, որ իշխանութոյւնները հրաժարվել են այդ ծրագրի իրականացումից: «Կառավարության ծրագրում անհնար է ամեն ինչ ներգրավել, և եթե այդ մասին չի ասվում փաստաթղթում, դա դեռ չի նշանակում, որ նախագիծը չի իրականացվելու»,- հուլիսի 13-ին ԱրմԻՆֆո գործակալության թղթակցին հայտնել է նախարարը կառավարության նիստից հետո:
Նրա խոսքով, առայժմ լավատեսական ակնկալիքներ չկան: Նա նշել է, որ պրոբլեմները կապված են ներդրողների, ինչպես նաև ճանապարհների վիճակի ուսումնասիրության հետ կապված մի շարք հանգամանքների իրականացման հետ: Նրա խոսքով, կան որոշակի սահմանափակումներ, որոնց մասին, սակայն, նա ձեռնպահ է մնացել նշել:
Հատկանշական է, որ նախագիծը, որի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռ 2012 թվականին, այսօր վերջնականապես ձևավորված չէ: Նախարարի խոսքով, տվյալ պահին, շատ մոտավոր հաշվարկով, շինարարության արժեքը գնահատվում է $3,2 մլրդ: «Բայց այդ հաշվարկը շատ մոտավոր է, քանի որ չկա վերջնական հաստատված նախագիծ, և մենք սպասում ենք ապագա ներդրողների գնահատականին»,- հայտարարել է նա: Ինչպես հայտնել է Մարտիրոսյանը, քննարկվում են գործող երկաթուղու հետ Սևանի ափով
/«Սևան» կայարան/ կամ Արարատյան դաշտավայրով միացման երթուղիները: «Տվյալ պահին նախընտրելի է Սևանով երթուղին»,- պարզաբանել է նախարարը: Ինչպես հայտարարել է նա, կրկին մոտավոր գնահատականներով, նախագծի վերադարձելիությունը գնահատվում է 22 տարի:
2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է ՙՀարավային երկաթուղի՚ նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի տնտեսական վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անարդյունավետությունը հիմնավորված է երեք հիմնական կարևորագույն գործոններով: Դա առաջին հերթին Հայաստանի երկաթուղու փակուղային վիճակում գտնվելն է և դեպի Ռուսաստան անմիջական ելքի անհնարինությունը, երկրորդ՝ նույնիսկ երկաթուղու աբխազական հատվածի հետագա հիպոթետիկ ապաշրջափակման դեպքում, այդ ժամանակ ներկայումս կառուցվող ավտոմայրուղու հայ-իրանական հատվածի առկայությունը միանգամայն անօգուտ կդարձնի Իրան-Հայաստան երկաթուղին՝ կապված վերջինիս ոչ մեծ երկարության հետ: Ի սկզբանե ցածր արդյունավետությանն ավելանում է նաև երրորդ, թերևս, կարևորագույն գործոնը՝ ՌԵՈւ կողմից իրականացվող Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթուղու նախագիծը: Դա տրանսպորտային նախագիծ է, որը միավորում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է ՙՀյուսիս-Հարավ՚ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որի նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի տրանսպորտային-տեղեկատվական մայրուղիների ինտեգրումն է: Վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը բացառապես քաղաքան շարժառիթ ունի, այդ պատճառով վերջին 3 տարում այն չի հաջողվել մեռյալ կետից շարժել: Քննադատությանը չի դիմանում նաև Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ ՉԺՀ $40 մլրդ արժողությամբ գերհավակնոտ ծրագրի շրջանակներում այդ նախագծին Չինաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները: Նոր Մետաքսի ճանապարհի որևէ սցենարում Հայաստանն առկա չէ, փոխարենը քարտեզներում նշված են Իրան-Ադրբեջան և Թուրքիա-Վրաստան երկաթուղային հատվածները: