Արմինֆո. ԸՆթացիկ տարի GeoProMining ընկերությունների խմբի կապիտալ ներդրումները կկազմեն 10 մլն.դոլար: Այս մասին հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլին, պատասխանելով ԱրմԻՆֆո գործակալության հարցին:
2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ոսկու և այլ մետաղների ռեսուրսային բազայով դիվերսիֆիկացված միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում ընկերությանն է պատկանում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը:
Ըստ նախագահի, ընկերությունը հանդիսանում է խոշորագույն ռուսական ներդրողներից մեկը Հայաստանում: Վերջին 10 տարիներին ընկերության ներդրումները Հայաստանում կազմել են 504 մլն.դոլար, GPM Gold-ի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ միասին: Ընկերության սոցիալական բյուջեն կազմում է ավելի քան 8 մլն.դոլար, իսկ բյուջեին կատարված վճարներտ, սկսած 2008 թվականից, կազմել են 171 մլն.դոլար:
Ինչպես նշել է Խուդոլին, 2007 թվականին գնվեց GPM Gold-ը, որտեղ ներդրվեց սուլֆիդների մշակման ամենաժամանակից «Ալբիոն» համակարգը: «Այսօր մենք առաջինն ենք աշխարհում, և առայժ միակը, ով աշխատում է այդ տեխնոլոգիայով»,-հայտարարել է Խուդոլին, նշելով, որ միայն գործարանում ներդրվել է 160 մլն.դոլար: GPM Gold-ի աշխատակիցների թիվն ավելացել է 450-ով, հասնելով 1058-ի: Չնայած գործարանը գործարկվել է 2014 թվականից, սակայն, նրա խոսքով, միայն անցյալ տարի ընկերությունն արդեն ապահովել է պլանային ցուցանիշները: Այս տարվանից կորզման գործակիցը կազմում է 87%: Միևնույն ժամանակ, այս տարի նպատակային ցուցանիշը կազմում է 3.8 տոննա, մինչդեռ 2008-ին արտադրությունը կազմել է ընդամենը 136 կգ: Հեռանկարում նախատեսվում է ցուցանիշը հասեցնել 5-5.5 տոննայի: Նրա խոսքով, ոսկու պաշարները կազմում են 130 տոննա:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հզորությունները, ըստ նախագահի, կկազմեն մոտ 40 մլն.դոլար: «Հարկավոր է ավելացնել հանքավայրի հզորությունը, շարունակել գնել տեխնիկա: Պետք նախապատրաստվի ֆաբրիկան, լրացուցիչի ավելացնելով ֆլոտացիան, մանրացման փուլը, ինչպես նաև ընդլայնել ողջ համալիրը»,-պարզաբանել է նա: Ձեռնարկության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 200-ով: Միևնույն ժամանակ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման ծրագրին ուղղվող ծախսերն այսօր կազմում են մոտ 30 մլն.դոլար: Ներկայումս ֆաբրիկայի հզորությունը կազմում է`3.5 մլն. տոննա հանքանյութ: «Առաջիկա տարիներին նախատեսում ենք արտադրական հզորությունները հասցնել 6 մլն.տոննայի: Դա թույլ կտա չանհանգստանալ շուկայի համար, քանի որ նման ցածր պարունակությամբ Ագարակը շատ զգայուն է գների փոփոխության առումով»,-հայտարարել է Խուդոլին:
Բացի այդ, ըստ ընկերության նախագահի, ներկայումս մշակվում է մի նախագիծ, իսկ հաջորդ տարի կսկսվի նոր հանքահորի շինարարությունը Սոտքի ոսկու հանքավայրում: «2019 թվականից արդյունահանումը նախատեսվում է իրականացնել բաց և հորային մեթոդներով»,-հայտարարել է Խուդոլին, նշելով, որ նախագիծն «էժան» չի լինելու: