Արմինֆո . Հայաստանում վեբ և մոբայլ հաղորդակցության լայն հասանելիությունը խթանում է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումն ու դիվերսիֆիկացիան: Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում հասել է 3.4 միլիոնի, իսկ ինտերնետ-փաթեթների բաժանորդների թիվը`2.1 միլիոնի:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է HSBC մամուլի ծառայությունից, Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եկամտի զգալի աճ է գրանցվել. 2017թ-ի դրությամբ եկամուտը կազմում է 60,572.9 մլն դրամ՝ 2016թ-ին 52,997.2 դրամի համեմատ՝ արտացոլելով ոլորտի զարգացման ներուժը: Ոլորտային զարգացումից բացի՝ կառավարության աջակցությամբ զարգանում է նաև էլեկտրոնային կառավարման ոլորտը՝ ապահովելով տեղեկատվության և տվյալների կառավարման հասանելիություն այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են e-register.am, www.e-gov.am, www.e-cadastre.am:
Այս միտումները դրական հեռանկարներ են ապահովում Հայաստանում նոր տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ բանկային ոլորտը:
«HSBC-ի զեկույցի համաձայն՝ ավելի շատ սպառողներ հատկապես արևելքի երկրներում վստահում և օգտվում են տեխնոլոգիաներից իրենց տվյալների ու ֆինանսական միջոցների կառավարման համար: Տեխնոլոգիաներն առավել տարածում են գտնում մեր առօրյա կյանքում՝ վերափոխելով տարբեր ոլորտներ, այդ թվում նաև բանկային ոլորտը: Ներկայումս ականատես ենք լինում, թե ինչպես է այս միտումը տարածում գտնում նաև Հայաստանում: Սպառողների հետզհետե աճող պահանջները բավարարելու համար HSBC Հայաստանը մշտապես աշխատում է իր հաճախորդների համար հասանելի դարձնել լավագույն տեխնոլոգիական լուծումները. բանկն առաջինն է տեղական շուկային ներկայացրել բանկոմատը, ինտերնետ/մոբայլ բանկինգի ամբողջական ծառայությունները՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան, իսկ վերջերս բանկը Հայաստանի շուկային ներկայացրել է անհպում տեխնոլոգիայով նորարարական ՄաստերՔարտ քարտեր՝ հաճախորդների հարմարավետության և անձնական տվյալների առավել բարձր անվտանգություն ապահովելու համար»,-մեկնաբանել է HSBC Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների և հարստության կառավարման գծով ղեկավար Միհրան Մուրադյանը:
HSBC-ի՝ «Վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ» նոր զեկույցը վկայում է, որ հետազոտությունը ներկայացնում է 12,019 հարցվողների կարծիքը 11 տարբեր երկրներից և տարածաշրջաններից (Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Մեքսիկա, Սինգապուր, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ): Ipsos MORI կազմակերպության կողմից անցկացված քանակական հետազոտությանը մասնակցել է ավելի քան 12,000 հարցվող: Նրանցից 2,000-ը Միացյալ Թագավորությունից էին, իսկ մնացած երկրներից յուրաքանչյուրից մասնակցել է 1,000 հարցվող: Քանակական հետազոտությունն անցկացվել է մարտի 24-ից մինչև ապրիլի 10-ը յուրաքանչյուր երկրում 18 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում: Արդյունքները ցույց են տվել, որ նոր տեխնոլոգիաների նկատմամբ ընկալման և վստահության մակարդակները տարբեր են: Օրինակ, Ասիայում և Մերձավոր Արևելքում, ի տարբերություն Արևմուտքի, մարդիկ ավելի ընկալվող են նոր տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ ավելի են վստահում և դրական վերաբերվում ինովացիաներին: Զեկույցի համաձայն՝ հարցման մասնակիցների 80%-ը կարծում է, որ տեխնոլոգիական լուծումներն ավելի են հեշտացնում իրենց կյանքը, իսկ գրեթե երեք քառորդը՝ 70%-ը, տվյալների անվտանգությունը վստահում է փորձված միջոցներին՝ գաղտնաբառերին:
Բանկը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1999թ-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30,000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 9 գրասենյակների և մոտ 420 աշխատակիցների միջոցով: 2017թ-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 215 մլրդ. ՀՀ դրամ:
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ծնող ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր ավելի քան 4,000 գրասենյակներից, որոնք գտնվում են 70 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2017թ-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,416 միլիարդ ԱՄՆ դոլար: