Արմինֆո. Աշխարհում ինտգրված ապահովագրական և ֆինանսական ծառայություններ մատուցող «Ալիանս Գրուպն» ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները: Այդ մասին հայտարարվել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը և տնտեսական աճի միտումները առաջիկա տարիների համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ապահովագրության ոլորտի ներկա իրավիճակին և վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ: Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել համագործակցության կոնկրետ առաջարկներ:
ԱրմԻնֆո-ի տվյալներով, «Ալիանս Գրուպը» մտադիր է Հայաստանում հիմնադրել կյանքի ապահովագրության առաջին ընկերությունը: Հայաստանի օրենսդրության համաձայն, աշխատող ապահովագրական ընկերությունները չեն կարող միաժամանակ զբաղվել կյանքի ապահովագրությամբ, որը բիզնեսի առանձին տեսակ է, և պարտավոր են հիմնել առանձին ընկերություն: Սակայն գործող ընկերությունների կապիտալիզացման մակարդակը և երկրում կյանքի ապահովագրության մշակույթի լիակատար բացակայությունը խոչընդոտում են շուկայի այդ հատվածի ձևավորմանը: Իսկ խոշոր համաշխարհային ընկերությունները, ինչպիսի է «Ալիանսը», կարող էին դառնալ այդ գործում առաջինը Հայաստանում: «Ալիանս Գրուպ» ընկերությունը մատուցում է ապահովագրական, բանկային և ակտիվների կառավարման ծառայություններ, ինչպիսիք են՝ կյանքի ապահովագրություն, գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն, բանկային ռիսկերի ապահովագրություն և առողջության ապահովագրություն: «Ալիանս Գրուպն» ստեղծվել է 1890 թվականին Գերմանիայում: Ընկերության բիզնեսի ծավալը 2016 թվականին կազմել է 122,5 մլրդ եվրո: